Հայ կուրսանտները կսովորեն պարել – 07․01․2016

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները նոր առարկա կուսումնասիրեն` «ռազմական պար»։ Սա 2015 թվականին հիմնադրված «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի գործունեության չորս ուղղություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները «Ազգային երգ ու պարի ակադեմիա» նախագծի շրջանակում կուսումնասիրեն հայկական ռազմական պարի շուրջ 15 տեսակ։

«Ռազմական պարեր» առարկան նախատեսվում է ներառել Հայաստանի բոլոր ռազմական ուսումնական հաստատությունների ծրագրում։

«Զինծառայողները պետք է իմանան հայկական ռազմական պարը ինչպես գործնականում, այնպես էլ տեսականորեն։ Պարերը դեռևս կդասավանդվեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ հետագայում բոլոր զորամասերում կլինեն դասավանդող ուսուցիչներ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ազգային երգ ու պարի ակադեմիայի ստեղծման նախաձեռնող, հայկական ազգագրական պարի «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Ակադեմիայի նպատակը հայկական ազգային ժառանգության պահպանումն է ազգային երգ ու պարը մշակելու և հանրաճանաչ դարձնելու միջոցով։ Ի դեպ, ակադեմիայի հիմնադիրներից է նաև «Այբ» կրթական հիմնադրամը։

Հենց պարերն ու ռազմական երգերն էին մեր նախնիներին մարտի տրամադրում, բարձրացնում մարտական ոգին ու անպարտելիության զգացումը։

«Փորձը ցույց է տվել, որ ճակատային հարձակում է անհրաժեշտ. պետք է բանակ մտցնել ռազմական պարը։ Սա զինվորների համար յուրահատուկ փորձություն է։ Պարերի հետ մեկտեղ նրանք կսովորեն լինել միասնական», — նշեց Գինոսյանը։

Ակադեմիան գործունեություն է ծավալելու չորս ուղղությամբ` կրթություն, ռազմական պար, մշակույթ, գիտություն։ Ակադեմիային կից բոլոր ցանկացողների համար սիրողական խմբակներ են գործելու։

Մշակութային ուղղությունը ենթադրում է ռեժիսորական հմտություններ ունեցող ուսուցիչների պատրաստում։

Նրանք պետք է կարողանան պարեր բեմադրել, ձևավորել պարային համույթներ, ինչպես նաև զբաղվել ավանդական երգ ու պարի ձայնագրմամբ ու տարածմամբ։ Այդպես է հայկական ազգային արվեստն աշխարհի համար ավելի մատչելի դառնալու։

Կրթական ուղղության շրջանակում պրոֆեսիոնալ կադրեր են պատրաստվելու, ովքեր կդառնան իրենց գործի վարպետ ու կուսուցանեն մյուսներին հայկական ազգային երգ ու պարի հիմունքներն ու հմտությունները։

Գիտական ուղղությունը ենթադրում է համապատասխան նյութերի ուսումնասիրություն, հավաք, մշակում և պահպանում։ «Բոլոր տվյալները հավաքվելու են, մշակվելու ու պահպանվելու սերվերների վրա։ Անհրաժեշտ է նոր սերնդի համար մատչելի դարձնել այդ ամենը, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետագայում են զբաղվելու այս գիտությամբ», — նշեց Գինոսյանը։

Աղբիւր՝ http://sputnik.co.am/armenia/20160107/1585561.html