«Քոչվորը չի կարող մշակույթ ունենալ». Գ. Գինոսյան

«Մշակույթ գողանալով մշակույթ չես կարող ձևավորել»: Նման համոզմունք ունի «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ով փորձում է բոլորին ցույց տալ, թե քոչարի պարն ադրբեջանական ազգային պար է, բայց հայերը փորձում են իրենցով անել, նույնիսկ ցանկանում են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

Գ. Գինոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, թե ինչ ծագում ունի քոչարի բառը. «Եթե ադրբեջանիցները քոչ բառարմատի վրա են հիմնվում, այն բացարձակ թուրքական բառ չէ: Քոչ՝ պարսկերեն ղոչ բառն է, ղոչը նույն խոյն է: Մեր ճարտարապետական դետալներում օգտագործվել են խոյակներ, ունենք խոյանալ ու խոյահարել, ախոյան բառերը: Լիքը բառեր ունենք, որոնք առաջացել են խոյի պաշտամունքից: Խոյի պաշտամունքային լավագույն ու ամենամնայուն նմուշներից մեկը հենց քոչարի պարն է»:

Նրա խոսքով, տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, խոյի պաշտամունքը տարածված է եղել. «Այն, որ միայն հայերը չեն պարում, դա էլ է փաստ: Ադրբեջանն ազգ չէ, 1918 թվականին առաջին անգամ է ադրբեջանցին որպես ազգ բարձրաձայնվել: Քոչվորը չի կարող մշակույթ ունենալ, նստակյաց ազգերն են մշակույթ ունենում: Քոչվոր ցեղերը երբ սկսեցին նստակյաց կյանք վարել, հասկացան, որ պետք է մշակութային տարրեր ունենան, սկսեցին այստեղից ու այնտեղից պարել գողանալ: Ասորիները, հույները, քրդերն ունեն քոչարու տարբերակներ, այսինքն՝ խոյի պաշտամունքի տարբեր արտացոլումներ: Դա շատ հզոր արտացոլք ունի հայերի մեջ: Հավանաբար, դա նաև հայկական հին պաշտամունքի ազդեցությունն է հարևան ազգերի վրա»:

Գ. Գինոսյանն ասաց, որպեսզի հայկական մշակույթը որևէ մեկի կողմից չներկայացվի որպես իր ազգային մշակույթ, նախ պետք է հենց հայ ազգն այդ մշակույթի կրողը լինի:

«Հայերի քանի՞ տոկոսը գիտի քոչարի պարել, քանի՞ տոկոսը գիտի` ինչ է նշանակում քոչարի: Ոհմակային մտածելակերպ ունեցող Ադրբեջանը չի փորձի հայկական պարը ներկայացնել ադրբեջանական, 20 լակոտ-լուկուտ չեն փորձի իբր հայերի ձեռքից փրկեն իրենց պատմական մշակույթն այն ժամանակ, երբ ազգովի՝ զուռնայի ձայնը լսելով, ոտքի ելնենք ու քոչարի պարենք: Մենք պետք է ցույց տանք, որ դարեր շարունակ հայը պարել է քոչարի, ցեղասպանությունից մազապուրծ հայն իր հետ բերել է այդ պարը: Մենք պետք է այնպիսի սերունդ դաստիարակենք, որը կկրի իր մշակույթը: Եթե մեկը Կոմիտասի նման գործ անի ու հիմնավոր ապացուցի, որն է հայկական, վերադարձնի ազգին ու ազգը դա կրի, որևէ մեկը չի կարող հակառակն ասել»,-ասաց նա::

Նշենք, որ Հայաստանն այս տարի քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Քննարկումը նախատեսված է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ի նիստում: Մինչդեռ Ադրբեջանի կողմից տեղեկատվություն է ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ՝ ներկայացնելով, ըստ իրենց, պարի իրական ծագումը:

Panorama.am-ը հարցեր է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, ի՞նչ աշխատանքներ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ ադրբեջանական կեղծիքի դեմն առնելու համար:

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։

Սկզբնաղբյուր` Panorama.am