ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԲԱ՞Ր

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ երաժշտական-երաժշտության և ընդհանուր ազգագրության ճյուղ: ՈՒսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը` պատմական զարգացման ընթացքում:
Հայ երաժշտական ազգագրության հիմնադիրը Կոմիտասն է:
/ՀՀՀ-հ1, էջ 56/

Երաժշտական ազգագրությունը (այսուհետ ազգագրություն), որ շատ ավելի կարճ պատմություն ունի, քան իր ուսումնասիրելիք առարկան, աստիճանաբար վերածվում է գրաբարի: Այսինքն` հազարամյակների ստեղծագործական ճանապարհ անցած ժողովրդական երգն ու պարը, որոնք բնորոշել են ոչ միայն մեր ազգային ծիսակարգը, այլ նաև դարերի ընթացքում մեր ժողովրդի վարած կենցաղը, արտացոլել իր մեջ նաև մեր բնության բազմազանությունը, մեր ժողովրդի պատմության բազում դրվագներ և էպիկական հերոսներ, համազգային և անհատական ողբերգություններ, և մեր ժողովրդի այլևայլ բնութագրեր, վերածվում է գրաբարի` օտարանում է ժողովրդից և մնում հասկանալի մասնագետների մի փոքր հատվածի համար:

20-րդ դարի սկզբին իրականացվածը նաև մշակութային ցեղասպանություն էր, և կիսով չափ խեղված, և գրեթե ամբողջությամբ տեղահանված մի ազգ ամենամեծագույն ցանկության դեպքում իսկ չէր կարող պահպանել մշակույթը նմանատիպ խեղումից: Բայց դա չարիքի փոքրագույնն էր, և դրան հետևեց հայ ազգային մշակույթի խորհրդային(սովետական) ցեղասպանությունը, ազգային մշակույթը ընդհանուր` արհեստական ստեղծված, խորհրդային մշակույթի կաղապարների մեջ «խցկելու» գործընթացը: Այսինքն ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ եղած ազգային արվեստի պատառիկների վերջնական ապազգայնացումը:

Այդ արհավիրքներին էլ կարողացանք դիմակայել, ինչպես միշտ ամբողջ մի ազգի առաքելությունը իր վրա կրեցին հայրենանվեր մի քանի անհատների, հաճախ շատ փխրուն և խոցելի, ուսերը:

20-րդ դարի երկրորդ կեսի այդ առաքելությունը իրենց ուսերի վրա կրեցին Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի նման մշակութային գաղափարախոսները: Եվ ժողովրդի ծոցից ելած ազգային երգի պարի անաղարտ հազարավոր նմուշներ փրկվեցին վերոնշյալ անհատների և նրանց փոքրաթիվ հետևորդների ինքնուրաց ջանքերի շնորհիվ:

Անցան ամենակուլ, ամեն ազգային փոշիացնող ու կեղծող, հաճախ նաև պղծող խորհրդային ժամանակները, և մեր ընտրյալ զավակների արյան շնորհիվ կրկին Հայոց հողի վրա ծածանվեց անկախության դրոշը:

Բայց արի ու տես, որ անկախության ժամանակաշրջանը առավել ամենաթողության ժամանակաշրջան է: Եվ հաճախ բազում պետական այրերի շնորհիվ ազգային այլասերման ժամանակաշրջան, երբ քաջալերվում է ամեն մի օտարամոլ և «կիսաազգային» մշակութային վայրահաչումներ: Ամեն մի ազգային ավելի ծաղրվում, քան քաջալերվում է, և ավելի քան դիտվում որպես հետամնացության դրսևորում: Նաև մեր մշակութային գերատեսչությունների վարած մշակութային քաղաքականությունը ավելի շատ կիսաազգային է, որը նույնքան վատ և նույնքան մոլորեցնող է, ինչքան կիսասուտը:

Եթե պետական ներդրումներ մշակույթի մեջ կատարվում էլ են, ապա հաճախ արվեստների կոսմոպոլիտ (որը նույն է ինչ դեմք չունեցող, իսկ ավելի տառացիորեն կեղծ արվեստը) տեսակների, իսկ երբեմն դասական արվեստների մեջ:

Մոռանում ենք, որ միգուցե և աշխարհին ազգը ներկայացնելու լավագույն ձևը դասականն է(իհարկե զուտ ազգային դասականը), բայց իրական դասական մշակույթ ունենալու համար պետք է ունենալ հզոր ժողովրդական արվեստ, որից էլ պետք է ծնվի և պետք է սնվի դասական արվեստը:

Իսկ մենք փորձում ենք աշխարհին ներկայանալ ջազով(ուր էր թե գոնե Արտեմի Այվազյանին վայել հայաշունչ ջազով ներկայանայինք), և աշխարհը հեղեղած անորակ պոպ երաժշտության միջազգային ստանդարտներից շատ ավելի ցածրորակ հայ պոպ երաժշտությամբ:

Կճուճից կաթը հորդելուց առաջ այն պետք է ներսում դատարկ տեղերը լցնի և ապա նոր հորդի: Առանց լցվելու հորդում է միայն ճաք տված կճուճը, ինչպիսին ըստ երևույթին մեր այժմեական արվեստն է:

Մեր ազգային ինքնությունը, մեր տեսակը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է ավելի լցված լինել ներսում քան մտածել դրսի մասին:Երբ մենք զերծ լինենք սնամեջությունից, դրսից էլ ավելի նկատելի և ընկալելի կլինենք:

Գրոշ չարժի այն արվեստը, որը ազգ չի կերտում և որը ազգ չի պահպանում:

Վերադառնանք գրաբար դարձող մեր ազգագրությանը: Եթե այն չվերադարձվի մեր կենցաղ, եթե չփորձվի այն կրկին դարձնել ամբողջ ժողովրդի հարստությունը, այլ կմնա նորից որպես անհատների առաքելություն, այն ոչ միայն դատապարտված է դառնալու գրաբար, այլ նաև ոչ հեռավոր ապագայում կվերածվի անտապան մի շիրմաթմբի: Հետո շատ ավելի բարդ է լինելու շիրմաթմբի տակ փտողի իրական ինքնությունը պարզելը , քան այժմ դեռևս հոգևարքի մեջ գտնվող ազգագրության փրկելը:

Դժվար թե այս ապազգայնացող, կիսաայլասեռվող հասարակությունը նոր Կոմիտասներ ծնի, որը հերթական անգամ փրկի մեր մշակույթը, դրանով իսկ փրկելով մեր տեսակը:

Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի, Սրբուհի Լիսիցյանի և մյուսների փրկած ազգագրության (երգի, պարի և ծիսակարգի) նմուշները վերածել դասագրքի և պետական լուրջ հոգածությամբ այն դարձնել հանրակրթական դպրոցներում ուսուցանվող կարևորագույն առարկաներից մեկը:

Հայ կերտելու, հայեցի դաստիարակության համար ազգային մշակույթը ավելի կարևոր է քան նույնիսկ մաթեմատիկան և միգուցե նաև ավելի քան հայոց լեզուն: Առավել ևս, որ ի տարբերություն հանրակրթական շատ առարկաների արվեստը գիտակցականից բացի նաև ենթագիտակցան դաստիարակչական երևույթ է իր մեջ պարունակում, հատկապես ազգային պարը, ինչի մասին դեռևս Կոմիտասն է մատնանշել:

Ազգագրությունը չի կարող բնական զարգացում ունենալ, քանի այն ամբողջ ժողովրդի արվեստը չէ, քանի այն ամբողջ ժողովուրդը չի կերտում, և որոշում նրա զարգացման ուղղությունները: Քանի այս արվեստը մնում է մի քանի մասնագետների(հաճախ կասկածելի) մենաշնորհը և միայն բեմից ներկայացվող և ժողովրդից կտրված արվեստ, այն արմատներից կտրված մի ծառի է նմանվելու, որը դադարել է պտուղ տալուց և վաղ թե ուշ չորանալու է: Իսկ Հայոց մեջ ծաղկելու է պորտապարն ու տեղաշորային շարժումներով գերհագեցած պարն ու կլկլոցներով հարուստ ցածրորակ արևելյան երաժշտությունը, հաճախ հայաբառ իմաստազուրկ տեքստերով:
Ժամն է, որ ժողովրդի խիղճը` մտավորականությունը սթափվի, ինքնամաքրվի և նույնը պարտադրի պետական այրերին, որոնք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել ազգային մշակույթը և ամեն ջանք չխնայել նրա վերակենդանացման և զարգացման համար:

Հազարամյակների ստեղծածը չի կարելի զոհաբերել հանուն մեր տասնամյակային ապազգային, ազգակործան նախասիրումների:
Գ.Գինոսյան