ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը,
մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
Կոմիտաս

Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ: Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ մեր պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփխություն չեն կրել: Այդպես եղել է բազում դարերի ընթացքում, նույնիսկ անկախությունը կորցրած ժամանակ հային հայ պահող հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, որում թերևս կարևորագույն դերը պատկանել է պարարվեստին:

Այսինքն հստակ է այն, թե ինչքան է կարևորվում ազգային դաստիարակության և ազգային դիմագծի պահպանման մեջ ազգային պարարվեստի անաղարտ պահպանումը և ազգային նկարագրին և հոգեբանությանը հարազատ մնալով նրա զարգացումը:

Ազգային պարը այժմ բաժանվում է երկու խմբի` ազգագրական և ժողովրդական: Ժողովրդականը ազգագրականից պետք է տարբերվեր միայն բեմադրությունով, այսինքն ազգագրական պարին պետք է բեմական տեսք և բեմական կեցվածք տրվեր: Բայց «կատարյալ» բեմադրություններ իրականացնելու անվան տակ ազգային պար ներմուծվեցին կովկասյան և հետագայում նաև բալետային պարաքայլեր, որոնք անհայտ է ինչքանով են ավելի դիտարժան դարձնում ազգային պարը, բայց որ աղճատում են պարի ոգին և գաղափարական կառուցվածքը` անհերքելի փաստ է:

Միգուցե մեր հանճարն է տկար, բայց վստահաբար հայ պարը ընձեռում է հնարավորություն՝ հարազատ մնալով բուն պարաքայլերին, ստեղծելու դիտարժան բեմադրություններ:

Մենք մեղանչել ենք հայ պարի դեմ: Կտրել ենք արմատները, փորձում ենք մի կերպ կանգուն պահել երերացող ծառը և դեռ ուզում ենք, որ պտուղ տա: Այսօրվա հրամայականն է վերադառնալ արմատներին, և ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին դարձնել ժողովրդական:

Անցած դարի 50-ականների վերջից ազգային պարը ձևախեղվեց այսպես կոչված խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարը խցկելու համար: Եվ քանի որ հանրապետության բոլոր առաջավոր պարի համույթները և պարարվեստի ուսումնարանը բացառապես ղեկավարեցին դասական, բալետային պարի ներկայացուցիչները, ազգային պարը օրեցօր հեռացավ իր ակունքներից, և այժմ սկզբունքորեն հակասում է հայ պարի հիմունքներին, որոնք նշված են Կոմիտասի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի աշխատություններում: Հայկական պարի հիմքը զիստային շարժումներն են, այսինքն ոտքերի զսպանակավոր շարժումները, որոնք հնարավոր են միայն ծնկածալերի միջոցով: Դասական պարերի համար ոտքերի այդ վիճակը անհարիր է, որովհետև «ծնկները դուրս են գալիս» և դասական պարը, ավելի ճիշտ կլիներ ասել պարողը կորցնում է իր սլացիկությունը: Այսինքն կարելի է առանց վարանելու ասել, որ ազգային և դասական պարարվեստների հիմունքները մեղմ ասած իրար հետ այնքան էլ համատեղելի չեն, և ոչ մի դեպքում չի կարելի ազգային պարի դասավանդումը սկսել դասական պարաքայլերի ուսուցումով, որոնց խորը ուսուցանումից հետո գրեթե անհնար է դառնում ճիշտ «հայերեն պարելը»: Ցավոք սրտի և Պարարվեստի ՈՒսումնարանում և ժողովրդական կոչված պարախմբերում դասավանդումը հենց այդ ձևով էլ կատարվում է, օրեցօր հեռացնելով ազգային պարը իր ակունքներից, իսկ շատ հարցերում սկզբունքորեն հակասելով ազգայինին: Իսկ անաղարտ ազգային պարը պահպանվել է Հայրիկ Մուրադյանի և մի քանի այլ նվիրյալների կազմավորած սիրողական ազգագրական խմբերում:

Առանձին քննարկման խնդիր է ազգային տարազի վիճակը, որում նույնպես ավելի շատ օտարամուտ տարրեր կան («տրիկո», «չուվակի» և այլն) քան բուն ազգային տարրեր: Հաճախ ազգային տարազի տարրեր կրող տարազներն էլ այնքան անճաշակ, և գույնային այնպիսի համադրումով է ներկայացվում, որ հարիր չէ նույնիսկ մեր ամենագեղջկական տարազին, էլ չեմ ասում որ գրեթե ոչ մի խմբում չկա ներկայացված մեր քաղաքային և առավել ևս մեր հին իշխանական տարազները: Սակայն թողնենք այս խնդիրները տարազագետներին և կրկին անդրադառնանք ազգային պարարվեստի խնդիրներին:

Ժողովրդական կոչված պարի թերևս ոչ մի կարկառուն ներկայացուցիչ չգիտի և բնական է, որ չի ուսուցանում ազգային և ոչ մի պարի ծագումնաբանությունը, անվան մեկնաբանությունը: Եվ առավել ևս խոսք անգամ չի կարող լինել պարերի հոգևոր ընկալունակության մասին: Ազգային պարը վերածվել է ֆիզիկական աշխատանքի, բացառելով հոգևոր որևէ ընկալում կամ ապրում,դա այն դեպքում, երբ պարը միակ արվեստն է, որը համակցում է հոգին ու մարմինը և ըստ Կոմիտասի միակ արվեստն է, որը փոխկապակցված է ենթագիտակցության հետ:

Ընդհանրապես չի ուսուցանվում նաև Լիսիցյանի կինետոգրաֆիայի համակարգը (պարային գրառումներ), որի չիմացությունը բացառում է պարագետների հետագա բանահավաքչական աշխատանքները:

Այսօրվա հրամայականն է վերադառնալ արմատներին, և’ ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին դարձնել ժողովրդական: Մենք արհեստականորեն օտարեցրել ենք ազգային պարը ժողովրդից: Իսկ պարի բնականոն ընթացքը, առավել ևս զարգացումը կարելի է ենթադրել միայն այն ժողովրդին վերադարձնելու ճանապարհով:

Այս ամեն մտահոգության արձագանքը նախկին նախարար տիկին Պողոսյանի կողմից շատ ավելի մտահոգիչ էր, քան բուն խնդիրը: Ամենահանճարեղ միտքը, որ նա կարողացավ երկնել, դա «Ազգային պարարվեստի բարեփոխումները լուրջ քաղաքական լուծումներ են պահանջում», և բարեփոխման համար ներկայացված առաջարկություններին պատասխանեց. «ընդունելի առաջարկներ են , դուք ֆինանսները հայթայթեք, մենք ձեր առաջարկութլունները կանենք»:
(ՈՒղղակի ամենահանճարեղ տնտեսագետն էլ անկարող է հաշվարկել, թե մեր երկրի «դե ֆակտո» տերերի և բազկաթոռներին սոսնձված պաշտոնյաների շքեղ առանձնատների և առավել շքեղ փոխադրամիջոցների «հիմքում» ինչքան Ազգային արվեստ է թաղված, և քանի դար հետո հնագետներին կհաջողվի նրանց փլատակների տակ պեղել բուն Ազգային արվեստը:)

Մոտավորապես նույն հանճարեղության պատասխան հնչեց Պարարվեստի ՈՒսումնարանի նորանշանակ տնօրեն պարոն Մեհրաբյանի շուրթերից.«Ես Օպերայի և Բալետի Թատրոնի համար «պռոֆեսիոնալ» պարող-պարուհիներ եմ պատրաստում, Ազգային պարը իմ խնդիրը չէ, ով ուզում է թող զբաղվի»: Երբ Պարարվեստի ՈՒսումնարանի բուն առաքելությունը իրականացնելու համար օրհասական խնդիր է այն ազգայնորեն վերակերտելը, նրա ուսումնական ընթացքը ազգային պարի սկզբունքներին հարազատեցնելը և վերստին ազգային պարի հիմքերին վերադարձնելը:

Բայց վերջերս մամուլին («Ավանգարդ») տրված հարցազրույցից տեղեկացանք, որ նորանշանակ տնօրենը ծրագրել է մոդեռն բալետի բաժին ստեղծել: Եթե մենակ իմանար երջանկահիշատակ Վահրամ Արիստակեսյանը թե իր իսկ ստեղծած Ազգային Պարարվեստի ՈՒսումնարանը ինչ առաքելության է ծառայում:

Այսքանից հետո ոնց չմորմոքար Կոմիտասը. «Դե եկ վարդապետ ու մի խենթանա»:

Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը հայ պարը գրաբար դառնա:
Գ. Գինոսյան